ВСТРЕЧИ НА УЛИЦЕ КИРОВА.

В

«Մարդուն միշտ
պետք է Մարդ»
Ֆեոկրիտ

Ամբողջ գիտակցական կյանքում Աստվածին եմ փնտրել. Խաչակնքվել եմ, «Հայր մեր»-ը մի քանի լեզուներով սովորել, մեր հեքիաթ եկեղեցիներն եմ այցելել, ընկած, խոնարհված խաչքարերը ոտքի կանգնեցրել, մոմ եմ վառել թաքուն հավատալով Նրա գոյությանը:
Հասուն տարիքում միայն հասկացա, որ Աստվածը յուրաքանչյուր մարդու մեջ է:
Մարդու կողմից սիրել մարդուն, օգնել նրան հավատալ ազնվության ու ճշմարտության գոյությանը աստվածային ծագման թելադրանք է:

Հանդիպում հեղինակի հետ Գյումրիում

Քսան թվականի ամռանը «Յաղլի» կոչվող ռեստորանի ինձ  ծանոթ սեփականատիրոջ՝ Անդրանիկ Բաբայանի միջոցով, իմ խնդրանքով, Գյումրիում հանդիպեցի և ծանոթացա արձակագիր, սցենարիստ, կինոռեժիսոր Արմեն Գասպարյան հետ:
«Յաղլի» անվանվող ռեստորանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնական հետիոտնային փողոցի վրա: Կոկիկ, հարմարավետ ռեստորան է, շատ բարեհամբույր սպասարկող անձնակազմով: Այնտեղ կարելի է ոչ միայն նախաճաշել այլև ճաշել, քանի որ խոհանոցը, ուտելիքների և սպասարկման որակը կբավարարեն իր քիմքը բարձր գնահատող այցելուին:
Ռեստորանի բացօդյա տաղավարի սեղաններից մեկի ետևում նստած էր հազարամյակների Կումայրիի քաղաքի ժամանակակից մտավորականը, գլխին հին Գյումրվա մոդային հատուկ հովարավոր գլխարկով:
Առաջին հետաքրքրությունս այն էր, թէ ինչ լեզվով ու ինչ բարբառով էր խոսում, արտասովոր ժպտացող այդ երևելի անձնավորությունը (իր գրքերը նա գրում է ռուսերեն լեզվով): Նա խոսում էր ջինջ, հավակնոտ, հումորով համեմված «բրուսկամենտե» գյումրվա բարբառով: Այդ փաստը ինձ շատ ուրախացրեց, քանի որ համարում եմ մեր բարբառները հայկական լեզվի հարստությունն են, ինչը աչքի լույսի նման պետք է պահպանել: Գյումրվա բարբառի մեջ շրջապատող ազգերի լեզուներից շատ փոխառություններ կան ու բարբառի հնչյունաբանությունը յուրահատուկ երաժշտական գունավորում ունի:
Բարբառները մեր լեզվի աղն են, մեր բառապաշարի հիմքը հենց բարբառային բառերն են։ Ինձ միշտ հետաքրքրել են բարբառները և մանավանդ այն մարդիկ, ովքեր խոսում են բարբառով: Նրանք միջավայրում կոլորիտ են ձևավորում։
Բառը հնչյուններից է բաղկացած, հնչյունը երաժշտական ձայն է, բառը երաժշտություն է: Արտասանված բառը ոչ միայն իմաստային արժեք ունի այլև որպես ձայնային ալիք հուզական ազդեցություն է հաղորդում մարդուն, լսողական օրգանի միջոցով: Բառի երաժշտությունը հոգով ես զգում: Բառի երաժշտությունը մարդու հոգեկերտվածքը բացահայտող հայելի է: Գյումրվա բարբառի հաղորդակցման ոճը մեծամտության երանգ ունի ու լսողների համար անպատշածության ընկալում: Սակայն, ինչ և ինչպես էլ խոսեն գյումրեցիները, նրանց բարբառի մեջ թախիծն ու հումորը անբաժան են: Գյումրեցիների բարբառի մեջ ցավն ու ուրախությունը գրկախառնված «կխոսին»:
Արմեն Գասպարյանի գրական ստեղծագործությունները սովորական ընթերցարանության գրքեր չեն: Նրանք  կենդանի պատմությունների շարադրանք են, որոնք ոչ միայն մի շնչով ես կարդում, այլ պատկերացնում ես արծածվող դեպքերը,  դառնում ես նրա մասնակիցը, գործող դեմքերից մեկը ու խոսում ես նրա բարբառով:
Կարդալու ընթացքում  խորանալով արծածվող դեպքերի մեջ որպես գործող անձ, զգում ես ժամանակի իրողությունը աննկատ տեղափոխվելով մարդկային հարաբերությունների հորձանուտը, վարակվելով անպատկերացնելի անկեղծությամբ:
Նրա հերոսը դու ես, նրա հերոսները քո միջավայի մարդիկ են, նույնքան անկեղծ ու պարզամիտ իր գրավչության թաքնված հմայքով:
Դու մասնակից ես դառնում նրա հերոսների երկխոսությանը, որպես գործող անձ: Դառնում ես կինոմեխանիկ, զգում ես նրա խցիկի ջերմությունը, պտտվող կինոժապավենի հոտը և խցիկի պատուհանից տեսնում ես կինոնկարի ազդեցությամբ կախարդված մարդկանց գլուխները, դահլիճի գերված լարվածությունը՝  ընկղմվելով այդ հանդիսատեսի հուզմունքային էներգետիկ դաշտի մեջ:
Գրողի անմիջականությունը, մտքերի շարադրության հաջորդականությունն ու դրդապատճառները  տանում են քեզ լավ ծանոթ ու միաժամանակ անծանոթ մի միջավայր, որտեղ հոգեկան մաքրման զգացողությունները դաստիարակում են հարգանք ազգային ավանդույթների նկատմամբ: Կարողանում ես գնահատել աներևակայելի պատրանքային անկեղծության գնի արժեքը ու մարդուն սիրելու բերնեբերան լցված  ծարավի անսահման բավարարման ցանկությունը:
Դա անցած անցյալն է:
Հեղինակի վեպի ռուսերեն լեզուն հայ ընթերցողի համար հնչում է որպես գյումրվա բարբառ՝ այնուամենայնիվ հեղինակը մտածում է հայերեն: Հայ ընթերցողի համար սա առավելություն է, իսկ օտար ընթերցողի համար հնչյունաբանական թերացում:
Հայերը անկեղծ սիրում են իրենց հայրենիքը, պարծենում նրանով, աշխարհի բոլոր ազգերի մեջ իրենց հայրենակցին են տեսնում, սակայն իրական կյանքը պարզաջրում է այն եղելությունը, որ կարծես հայրենիքը նրանց չի սիրում: Այստեղ ճշմարտություն կա, իհարկե, եթե ճշմարտությունը իր մեջ սուտ չունի: Հայերը հաճախ խռովում են իրենց հայրենիքից ու տարածվում համասփյուռ սփյուռքում դանդաղ լուծվելով օտարների ազգությունների մեջ,- «Ախր ուրիշ տեղ սեփական բախտից խռովել չկա…»Հ.Ս.:
Մեր ազգի ինչքան երևելիներ թերագնահատված են հայրենիքի կողմից, հայրենիքը նաև  իշխող դասակարգն է, ովքեր նույնպես հայեր են, բայց չգիտեն ինչպես ազգը համախմբել:
-«Մարդիկ միշտ էս երկրից կերդան, օր գոնէ փող աշխատին…..», Արմեն Գասպարյանի «Украденное детство» ֆիլմից:
Իրականում հայերը մեկը մյուսին չեն սիրում, նախանձում են, ստորադասում են դիմացինին, ինքնասիրահարվածության չափորոշիչը գերազանցում է մարդու բանական հնարավորությունները:
Բակունցին հայերը գնդակահարեցին: Բակունցը զտարյուն հայ էր, գնդակահարողները նույնպես…: Գալենցը ուղն ու ծուծը հայ էր, հանճարեղ հայ իմպրեսիոնիստ, նրան Հայաստանի Նկարիչների միությունից հեռացրեցին նույնպես հայերը և այսպիսի օրինակներ ցավոք ծովից շատ են:
Այսպիսի մտորումներով կարդացի Արմեն Գասպարյանի գրքերը՝ հուզվեցի, ոգևորվեցի, վիճաբանեցի, համաձայնվեցի, մի խոսքով տաք զրուցաբանեցի հեղինակի հետ: Ապրեցի գրքերի մեջ նրա հերոսների հետ ու մեղքերիս լուռ խոստովանության  համար ապաշխարություն խնդրեցի Բարձրյալից:
Արմեն Գասպարյանը մասնակցել է գրական ստեղծագործությունների «Золотой Витязь» IX միջազգային սլավոնական արվեստի ֆորումում իր «Похороны моей Звездочки» գրքով և  «Արձակ» անվանակարգում դարձել է մրցանակակիր:
Արմեն Գասպարյան հեղինակի կերպարի փիլիսոփայությունը ամբողջանում է իր հոգեկերտվածքին հատուկ նկարագրությունով,-
«Перед поездкой на Русь, пошел на городское кладбище № 1.
Немного поговорил с моей прабабушкой — Звездочкой:
— Книгу про тебя написал. Она вошла в номинацию.
А она:
— Делом займись! Как ты питаешься без меня? Бошбаш тебе кто готовит? »:
Այսպիսի անկեղծ խոստովանությունը հարգանքի տուրք է իր գրքի հերոսի հանդեպ:
-Откровенная речь, подобно вину и любви, вызывает такую же откровенность,- Мишель де Монтень.


Հեղինակային ֆիլմի ուշացած վերլուծություն

Դեռ չգիտեմ ինչպես եմ վերլուծելու, այնքան իր արժեքով կինոմատոգրաֆիայի դասական Արմեն Գասպարյանի «Украденное детство» հեղինակային վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը վավերացնում է Հայաստանի գլխին եկած մի ահավիրքի պատմությունը՝ 1988թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ահավոր 10 բալլ հզորության երկրաշարժը: Ահավոր պատուհասը համազգայն ցավի հիշողության մեջ մտավ և անցնելու է սերնդից սերունդ, ինչպես Մեծ եղեռնը XX դարի սկզբին:
Հազարավոր հոդվածներ ու փաստագրումներ են եղել այդ ահավիրքի մասին և գեղանկարչության, և գրականության, և կինոարդյունաբերության բնագավառում: Կարծես դեռ ամեն ինչ չի ասված, ցավը շատ ցավոտ էր, նյութական վնասից բացի անվերականգնելի էր մարդկային կորուստների փաստը:
Ինչքան էլ գրեն, փաստագրեն, կարծես այդ ողբերգությունը դեռ կիսատ է ներկայացվել: Սակայն կա արվեստի կարողությունների մի ձև, սեղմված կարողանալ պատմել և վավերացնել համազգային դժբախտությունը, ինչպես կարողանում էին սպարտաի բնակիչները՝ հակիրճ խոսքով ասել այն ինչ շատերին հասու չէր:
Այդպիսին է Արմեն Գասպարյանի «Украденное детство» հեղինակային ֆիլմը: Բարձրարժեք կինոարվեստի նմուշ, լակոնիկ վավերագրական ներկայացում, որտեղ հեղինակը կարողանում է պատմել համառոտ, բայց բովանդակալի մի շեքսպիրյան ողբերգություն:
Հեղինակը էժանագին հուզականություն ներկայացնելու մտադրություն չի ունեցել, այլ ներկայացրել է երկրաշարժը նրա հետևանքները և ժողովրդի ապրելու մեծ մղումը, որպես ստեղծագործ ազգի համբերատար պատմություն:
Սահմանափակ կինեմատոգրաֆիական միջոցներով հեղինակը նախ սկսում է իր ֆիլմը ներկայացնել մարդու ապրելու հավերժ ձգտման լավատեսական վերաբերմունքով՝ «Ձախորդ օրերը կուգան ու կերդան»,Ջիվանի:
Երեխաները գարնան ավետիսը ցուցադրում են ծիտիկի բույնը ծառին ամրացնելու կադրերով, որտեղ մեծերը ուղղորդում են իրենց երեխաներին վարպետության դասեր տալով՝ «տո չագուջը հեռու բռնեք, էրեխեք»: Գյումրին  իզուր չի կոչվում վարպետաց քաղաք, ստեղծագործական մոտեցումը երեխաները ուսառում են մանկուց:
Այդ էպիզոդին հաջորդում է պարբերաբար կրկնվող ճաղավոր կամուրջի պատկերը, որպես կյանքի ունայնության գաղափար՝ ամպամած ֆոնին սիլուետի նման հազվադեպ մարդիկ անց ու դարձ են անում: Դժբախտությունն ու ցավը դեռ առկա է այս քաղաքում:
Առանց չափազանցնելու հեղինակի ներկայացնժման ձևը նեոռեալիզմի գերիրականության վարպետորեն ցուցադրվող ժանրն է: Ցավի կողքին կյանքը լի ու լի հոսում է, բայց իրավիճակը այն է ինչ կա զարհուրելի երկրաշարժից հետո:
Անվիճելի չքնաղ մոտեցում է հեղինակի կողմից, գլխավոր հերոսուհու ջութակ նվագելու ձգտման ցանկությունը ներկայացնելը: Ինչքան ազնվություն, հոգս ու զուլալ աղբոյուրի հնչողություն ունեն հեղինակի վերաբերմունքը այդ իրողությունը ֆիլմով բացահայտելով:
Այդպիսի սեղմված սցենարի մեջ այնպիսի ծավալ է ներկայացվում, ինչը հնարավոր էր միայն բազմամետրաժ ֆիլմով ներկայացնել:
Արմեն Գասպարյանի շնորհաշատ կարողությունը չի զիջում այդ ժանրի ամենաճանաչված կինոռեժիսորների ստեղծագործություններին: Ֆիլմի  կադրերը գեղանկարչական չքնաղ կտավներ են: Կինոպատկերների հաջորդականութնունը պատճառաբանված է, տրամաբանորեն լծորդված հաջորդականությամբ: ֆիլմը նյութականացված, միս ու այրուն ունեցող կենդանացած սիմվոլիզմ է:
Շան հաչոցը, երկրաշարժից հետո քաղաքի անհույս դառը վիճակը, ջարդված պատուհանը, վարտիքների լվածքը, քանդված փողոցներն ու միչև օրս գոյություն ունեցող «ժամանակավոր» տնակները, ծխացող խունկի ափսեն, չարագույժ ագռավների տեսարանները:
Լացող ծիրանափողի նվագի ուղեկցությամբ  մազերը լվացող աղջնակի փարաջանովյան կադրերը: Թաղցոտ երաժշտական պապուրիի սաունդթրեքը ուղեկցում է սերունդների նկարների ֆոտոշարքը:
ֆիլմը ավարտվում է քաղաքի համայնապատկերով, թողնելով հույսի մի պատուհան,-
-«Ինչ օր էղել է, էլ չի էղնի, ինչ օր պիտի էղնի, չի կրնա չէղնի»,Մ.Ա.« Հեղնար Աղբյուր »:
Մեծարգո պարոն Արմեն Գևորգյան շատ էի ուզում ավելի մանրակրկիտ վերլուծել Ձեր բյուրեղի նման զուլալ ստեղծագործությունները: Գրել սկսել էի Գյումրիից վերադառնալուց հետո պատկերավոր տպավորություններով:
Սակայն, ավաղ պատերազմը սկսվեց և ես կիսատ թողեցի իմ տկար վերլուծությունը:
Ես շատ գովեստներ բաժանող մարդ չեմ, սակայն Ձեզ չեմ կարող չգրել՝ շնորհակալություն վարպետ, նոր սերունդը և Ձեր գրքերով է հասունանալու:
Ի խորոց սրտի, գլուխս մերկացնում եմ Ձեր առաջ: Դեռ Ձեր մասին շատ են խոսելու, Դուք մեր մեծերից եք լինելու:
Հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե ինչ-որ բան Ձեր սրտով չէ: Ցանկությունս էր Ձեզ հասցնել հոգուս թելադրանքը, ինչքան կարողացա չգիտեմ, դա թողնում եմ ընթերցողին:

Հարգանքներով՝ Միքայել Համամչյան:
Հ.Գ.-ակնարկը խմբագրված չէ
10 հունվարի, 2021թ.
Ք.Երևան: